Ամերիկացի զինվորականների կեսից ավելին հայտարարել է Թրամփի օգտին քվեարկելու պատրաստակամության մասին
International newsՀարցմանը մասնակցած ամերիկացի զինվորականների 51 տոկոսը հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին քվեարկելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
NBC News հեռուստաալիքի եւ SurveyMonkey Weekly Election Tracking Poll-ի կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփն իր մրցակցին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, զինվորականների շրջանում գերազանցում է 10 միավորով. Թրամփի օգտին մտադիր է քվեարկել 51 տոկոսը, Քլինթոնի օգտին՝ 41 տոկոսը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, շատ լուրեր են պտտվում այն մասին, թե իրականում որքանով են Թրամփին աջակցում վետերանները եւ ռազմական ոլորտի հետ կապված մարդիկ: Հայտնի է մի բան, որ միլիարդատերը քիչ ջանքեր չի գործադրել, որեպսզի ապահովի ամերիկյան հասարակության այդ կարեւոր մասի ձայները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: