Հնդկաստանում փակվել են Amnesty International-ի աշխատասենյակները
International newsՄիջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության հնդկական բաժանմունքը ժամանակավորապես փակել է երկրում իր գրասենյակները կազմակերպության շուրջ սկանդալի պատճառով իրավապաշտպանների դեմ բողոքների ֆոնին:
Կազմակերպությունը աջ ուղղվածության քաղաքական գործիչների քննադատության կրակի տակ է հայտնվել, երբ անցյալ շաբաթ Բանգալորում անցկացված միջոցառմանը, որը նվիրված էր հնդկական Ջամմու եւ Քաշմիր նահանգում իրավիճակին, երկրի անկախության կոչ անող կարգախոսներ են հնչել: Տեղացի քաղաքական գործիչները բողոք են ներկայացրել ոստիկանություն` կազմակերպությանը, ի թիվս այլ բաների, մեղադրելով «ապստամբության հրահրման» համար: Կազմակերպությունը հերքում է այդ մեղադրանքները` հայտնելով, որ կարգախոսները հնչել են միջոցառման հյուրերի կողմից, Amnesty International-ի աշխատակիցներից ոչ մեկը դրանով չի զբաղվել: Այնուամենայնիվ, ազգայնականները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում, որոնք, սակայն, զանգվածային բնույթ չեն կրում:
«Որպես նախազգուշական միջոց, մենք ոստիկանության խորհրդով մեր աշխատակիցներին խնդրում ենք այսօր այլ վայրերից աշխատել», — ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Հիմանշի Մատտան:
Պատասխանելով ճշգրտող հարցին, նա պարզաբանել է, որ կազմակերպության գրասենյակները հինգշաբթի փակ կլինեն: Հետագա գործողությունների մասին որոշում կընդունվի:
Ջամմու եւ Քաշմիր նահանգում` հնդկական միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են, ակտիվորեն գործում են անջատողականներ, որոնք հանդես են գալիս անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Միաժամանակ Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահման չկա. երկու պետության բանակներին բաժանում է վերահսկողության գիծը: