ԻՊ-ն ստանձնել է Մոսկվայի մարզում ոստիկանների վրա հարձակման պատասխանատվությունը
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Մոսկվայի մարզում ոստիկանների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը:
Այդ մասին հայտնել է SITE Intelligence Group-ը:
Ինչպես պնդում են ծայրահեղականների ռեսուրսները, Մոսկվայի մոտ ռուս ոստիկանների վրա գրոհած անձինք ԻՊ-ի զինյալներն էին:
«Իսլամական պետության» երկու զինյալներ ռուս ոստիկանների վրա հարձակվել են Բալաշիխայի շրջանում»,- ասված է ահաբեկիչների հետ կապված Amaq գործակալության հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 17-ին Բալաշիխայի շրջանում Շչելկովյան խճուղում անհայտ երկու անձինք հարձակվել են ճանապարհապարեկային ծառայության պահակակետի վրա: Հանցագործներից մեկը կացնով հարվածել է ոստիկանին: Կարգի պահապանները կրակ են բացել, բայց երկրորդ հարձակվողը հասցրել է խլել ատրճանակը եւ վիրավորել եւս մեկ աշխատակցի: Ի վերջո, հարձակվողները գնդակահարվել են, տուժել Է երկու ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ հարձակումը կատարել են Չեչնիայի Աչխոյ-Մարտանի շրջանից 21-ամյա Ուսման Մուրդալովը եւ 18-ամյա Սուլիմ Իսրաիլովը: Հաղորդվել է, որ նրանք պլանավորում էին տիրանալ ոստիկանության աշխատակիցների զենքին: