Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրենը
International newsԱյսօր առավոտյան Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանում միակ ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն, «Ժողովրդական ճակատ» կուսակցության (ԺՃԿ) ակտիվիստ Ֆաիգ Ամիրովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է ԺՃԿ-ի փոխնախագահ Գյուզալ Բայրամլըն:
«Ազադլըգ»-ը գրում է, որ ներկայում Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցները խուզարկություն են անցկացնում Ամիրովի բնակարանում:
Ֆաիգ Ամիրովի ձերբակալության պատճառը հայտնի չէ: Իրավապահ մարմինները դեռեւս չեն մեկնաբանում իրավիճակը: Ֆաիգ Ամիրովը ԺՃԿ-ի առաջնորդ Ալի Քերիմլիի մերձավոր զինակիցն է:
«Ինչպիսի մեղադրանք էլ որ առաջադրվի Ամիրովին, դա հիմք չի ունենալու: Տեղի ունեցողը անձամբ իմ և կուսակցության դեմ ուղղված իշխանությունների արագացված ռեպրեսիվ արշավի մաս է», -գործակալությանն ասել է Ալի Քերիմլին:
Ադրբեջանում վերջին երեք օրերին ձերբակալվել են երիտասարդական NIDA, REAL շարժումների եւ ընդդիմադիր կազմակերպությունների 9-ն ակտիվիստներ եւ երկու լրագրողներ: Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին պետք է հանրաքվե տեղի ունենա սահմանադրության մեջ փոփոխությունների մասին:
Ադրբեջանում շատերը վերջին ձերբակալությունների ալիքը համարում են որպես սեպտեմբերյան հանրաքվեից առաջ քաղաքացիական հասարակությանը իշխանությունների կողմից ճնշելու հերթական փորձ: Ձերբկալված բոլոր ակտիվիստները դեմ են արտահայտվել Ալիեւի առանց այն էլ ընդարձակ լիազորություններն ավելի ընդլայնող հանրաքվեին և քննադատել կառավարությանը:
Ադրբեջանում վերջին օրերին սկսված նոր բռնաճնշումների ալիքն արժանացել է միջազգային հանրության լուրջ արձագանքին:
Իրավապաշտպան 19 միջազգային կազմակերպությունների կոալիցիան հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում Ադրբեջանի իշխանությունից պահանջել են դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:«Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների հետ կապված հանրաքվեին 6 շաբաթ մնացած իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել: Նպատակը ընդդիամդիր ձայները լռեցնելն է: Կոալիցիայի անդամ կազմակերպությունները պահանջում են լավացնել երկրում մարդու իրավունքների աղետալի վիճակը եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին», -ասվում է հայտարարության մեջ: