Քլինթոնի նախընտրական շտաբը Թրամփին մեղադրել է Ռուսաստանի հետ ֆինանսական կապեր ունենալու համար
International newsԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը ենթադրում է, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփը ֆինանսական կապեր ունի Ռուսաստանի հետ: Այդպիսի կարծիք է հայտնել Քլինթոնի քարոզարշավի մենեջեր Ռոբի Մուկը ամերիկյան ABC հեռուստաալիքի եթերում:
«Այստեղ լուրջ հարց կա,- ասել է նա:- Գոյություն ունի ռուսների հետ ֆինանսական կապերի մի ամբողջ ցանց, որոնց մասին նա (Թրամփը) հրաժարվում է խոսել»: Մուկը վստահեցրել է, որ Թրամփը գտնվում է Մոսկվայի ազդեցության ներքո:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է փոխվել Հանրապետական կուսակցության հարթակը: Մենք լսել ենք, որ Թրամփը խոսում է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին և այն մասին, որ խոցելի թողնենք Արևելյան Եվրոպայի մեր դաշնակիցներին Ռուսաստանի հարձակման համար»,- ավելացրել է Մուկը: Նա ասել է, որ «Թրամփը պետք է բացի իր բոլոր ֆինանսական կապերի մասին տվյալները, ինչպես նաև այն, թե իր օգնականները արդյոք հանդիպե՞լ են Կրեմլի ներկայացուցիչների հետ»: