Բանակցությունը հենց փոխզիջում է նշանակում. Ա. Մանուկյան
PoliticsԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, խոսելով Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, նշեց. «Ղարաբաղում հաջողություններ ունեցել ենք ռեալ անկախության, Ռուսաստանի, Իրանի աջակցության, Թուրքիայի չեզոքության, միջազգային կառույցների աչք փակելու հաշվին: Այսօր ամբողջապես հակառակն է: Որևէ երկիր չկա, որն ամբողջությամբ կանգնած է Հայաստանի թիկունքին և պաշտպանում է հայկական շահը, Ղարաբաղի շահը: Երկիրը հզոր է այնքան, ինչքան բարեկամ ունի, երկիրը թույլ է և ապաշնորհ այնքան, ինչքան հակառակորդ ունի, որովհետև հակառակորդն ու թշնամին քո խելքի, վարվեցողության արդյունքում են առաջանում, կամ անհետանում: Մենք այսօր կանգնած ենք մեր բարեկամների՝ մեզ համար անհետացման ճանապարհին»:
Նրա խոսքով` եթե Ղարաբաղի հարցում երբեմն եղել են դժվար պայմաններ, հիմա դրանց գումարվել է կարճ ժամկետը, որի ընթացքում պետք է պատասխան տրվի:
Ինչ վերաբերվում է որեւէ փոխզիջման չգնալու հայտարարություններին, ապա պատգամավորը դրանք որակեց որպես կեղծ հայրենասիրություններ. ««Ոչ մի թիզ հողը» նշանակում է դուրս գալ բանակցություններից: Ինչպե՞ս կարող ես բանակցել, եթե փոխզիջումների մասին չես խոսում: Բանակցությունը հենց փոխզիջում է նշանակում: Եթե Հայաստանում այսօր էյֆորիա է տարածված, որ Հայաստանը որևէ զիջում չպետք է անի, ներող կլինեք, ես արդեն դա չեմ հասկանում: Այսինքն՝ դու ասում ես, որ Հայաստանը բանակցություններից դո՞ւրս է: Ստեղծվել է մի անառողջ, էյֆորիկ վիճակ, երբ բոլորը մրցակցում են, թե խոսքի մեջ ով ավելի հերոս կլինի: Միշտ հաշվի առեք, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և քիչ ներուժ ունի դրանց դիմակայելու համար»,- ասաց նա: