Սիրիայի Հասիչե շրջանում ռազմական բախումները դադարեցված են, դրությունը կայուն է
International newsՍիրիայի Հասիչե շրջանում ռազմական բախումները դադարեցված են, տիրում է կայուն դրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթը:
«Հասիչեում վերջին օրերին բուռն բախումներից հետո կյանքը աստիճանաբար սկսել է բնականոն հունի մեջ մտել, երբ սիրիական կառավարական ուժերի եւ քրդական «Ասայշ» զինվորական թեւի համաձայնությամբ զինադադար է հաստատվել»,-տեղեկացնում է թերթը:
Հաղորդվում է նաեւ, որ մարդիկ վերսկսել են իրենց առօրյա աշխատանքը, բացվել են շուկաները եւ հացի փուռը, որը վերջին օրերին փակ էր, եւ մարդիկ հաց ձեռք բերելու հետ կապված խնդիրներ ունեին: Զինադադարի պայմանավորվածությանն առնչվող քայլերն աստիճանաբար իրականացվում են: Քաղաքի բոլոր ճանապարհները՝ ներառյալ Հասիչե-Գամիլշի ճանապարհը, բաց են: Կողմերը համաձայնել են փոխանակել զոհվածներին, իսկ վիրավորներին տեղափոխել Գամիշլիի հիվանդանոց:
Թերթը գրում է, որ մի քանի հայ ընտանիքներ միառժամանակ տեղափոխվել են Գամիշլի, իսկ մյուսները մնացել են Հասիչեում:
Սիրիական բանակի միավորումները շարունակում են մնալ քաղաքում՝ բնակիչների ապահովության համար:
Օգոստոսի 21-ին Սիրիայի Հասիչե շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել: Համաձայնությունը եղել է պետական պաշտոնական կողմերի եւ Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական թևի՝ «Ասայշ»-ի միջեւ: Ըստ համաձայնության՝ շրջանում զինադադար կհաստատվի, իսկ վիրավորները կտեղափոխվեն Գամիշլիի հիվանդանոց: Համաձայնությունը ներառում է նաեւ քաղաքի ապահով վիճակի բարելավում և բանակցությունների վերսկսում՝ կողմերի միջև հարցերի լուծման համար: