ՀԱԿ-ն ամենապասիվն է ՏԻՄ ընտրություններում
PoliticsՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 12-ին կայացած նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել էր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` ՀՀԿ` 241-ական տեղ, ԲՀԿ` 168-ական, ՀԱԿ` 42-ական, ՀՅԴ՝ 30-ական, ՕԵԿ՝ 30-ական և «Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական տեղ:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին մինչև 2016 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18.00-ն, այսինքն` երեկ լրացավ նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրած հայտերի համաձայն ստացվել է հետևյալ պատկերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը նշանակումներ են կատարել բոլոր 541 ՏԸՀ-ներում: ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` 1 տեղամասային ընտրական հանձնաժողովում:
ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
Ստացվում է, որ իրեն ամենաընդդիմադիրը հռչակած ՀԱԿ կուսակցությունը կա´մ այդքան էլ լուրջ չի վերաբերում ՏԻՄ ընտրություններին, կա´մ նախընտրում է իր ուժերը պահել համապետական ընտրությունների համար, կա´մ էլ կուսակիցների դեֆիցիտն է պատճառը, որ չի կարողացել իր հասանելիք տեղերը լրացնել սեփական կուսակիցներով: Այնուամենայնիվ, նկատենք, որ երկրում նոր քաղաքական օրակարգ ձևավորելու համար պետք է սկսել ՏԻՄ ընտրություններից և տեղերում ցույց տալ, թե ինչքան ուժ և հնարավորություն ունի այս կամ այն կուսակցությունը, իսկ ընտրությունից հետո բարձրացրած աղմուկ-աղաղակը վկայում է սեփական անճարությունը քողարկելու, քան քաղաքական դաշտում պայքար մղելու հնարավորության մասին:
Արմինե Գրիգորյան