FARK-ը հայտարարել է Կոլումբիայի կառավարության դեմ պատերազմի ավարտի մասին
International newsFARK ապստամբական խմբավորումը պաշտոնապես հայտարարել է Կոլումբիայի կառավարության հետ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Խմբավորման ղեկավար Թիմոլեոն Հիմենեսը, որը հայտնի է նաեւ որպես Տիմոշենկո, կարգադրել է իր մարտիկներին՝ վայր դնել զենքը եւ կեսգիշերից պահպանել հրադադարի ռեժիմը:
Նա նաեւ հայտարարել է, որ կառավարության դեմ երկարատեւ պատերազմն ավարտված է:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը նույնպես հայտնել է հակամարտության ավարտվելու մասին:
Զինադադարի հաջողվել է հասնել խմբավորման եւ կառավարության միջեւ չորս տարի տեւած բանակցություններից հետո:
Կոլումբիայի իշխանությունների եւ FARK-ի պատերազմը շարունակվում է արդեն ավելի քան 52 տարի: Հակամարտությունն արդեն 260 հազար մարդու կյանք է խլել, 45 հազար հոգի անհայտ կորած է մնում, իսկ մոտավորապես 6,9 մլն բնակիչներ զրկվել են իրենց տներից, նշում է Agence France-Presse-ը:
Հակամարտության կողմերի միջեւ խաղաղ համաձայնագիրն ստորագրվել է այս տարվա օգոստոսի 25-ին Կուբայում: Կողմերը տեւական բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները հողային բարեփոխման, խմբավորման զինաթափման եւ երկրի քաղաքական կյանքում նրա ինտեգրվելու հարցերի շուրջ:
Հաշտության համաձայնագիրը վերջնականապես ուժի մեջ կմտնի համաժողովրդական քվեարկությունից հետո, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Բայց դրա անցկացման թույլտվությունը պետք է տա երկրի խորհրդարանը: