Չավուշօղլուն Գերմանիայի կառավարությունից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից. Reuters
International newsՊաշտոնական Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմից ձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում են մեր պատմությունն անարդար ձևով, այց կատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուի նախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չի աջակցում դրան:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանակ անց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանը պայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն մասին, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում կառավարչության պաշտոնական դիրքորոշումը: Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը: Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզական ինքնաթիռներ և240 գերմանացի զինվոր: