Իտալիայի թանգարանները 610 հազար եվրո են հավաքել երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար
International newsԻտալիայի թանգարանները կիրակի՝ օգոստոսի 28-ին, 610 հազար եվրո են հավաքել օգոստոսի 24-ին երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել են մշակութային ժառանգության եւ մշակութային գործունեության նախարարությունում:
«610 հազար եվրո հավաքել են միայն պետական թանգարանները՝ փոխանցելով կիրակնօրյա տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը: Այդ գումարին կավելանա նաեւ մունիցիպալ, մասնավոր ու կրոնական թանգարանների ավանդը, որոնք պաշտպանել են նախարարության նախաձեռնությունը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Օգոստոսի 28-ին Իտալիայի թանգարաններ է այցելել ավելի քան 70 հազար մարդ, որոնք արձագանքել են տարերքի հարվածից տուժածներին օգնելու մշակութային ժառանգության, մշակութային գործունեության եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինիի կոչին: Բոլոր միջոցները կօգտագործվեն երկրաշարժից տուժած գոտիներում մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար: Իշխանությունների տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 900 հուշարձաններ, որոնցից 50-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն քանդվել են:
Օգոստոսի 25-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք ուժեղ հետցնցումներ: Երկրաշարժն զգալի ավերածություններ Է գործել լեռնային ոչ մեծ քաղաքներում: Աղետի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 294 մարդ, տուժել են 400-ից ավելի բնակիչներ, օթեւանից զրկվել է ավելի քան 2 հազար մարդ, պատահարի գոտում շարունակվում է փլվածքների հավաքումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: