Չեմ ուզում դեռ փակագծերը բացել. ՀՀԿ-ական պատգամավոր
PoliticsԱյսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ԸՕ-ի շուրջ 4+4+4 ձեւաչափով համաձայնության ձախողմանը, նշեց. «4+4+4 ձեւաչափով քննարկումների ժամանակ ես էլ եմ մտահոգություն հայտնել՝ ասելով, որ եթե անգամ 10 մատնահետքի ամրագրման հարցը տեխնիկապես հնարավոր է, միեւնույն է ժամանակային եւ կազմակերպական առումով հնարավոր չէ այն իրագործել, քանի որ փոքր ժամանակահատվածում հնարավոր չէ տեղեկատվական բազան 90 տոկոսով հավաքել: Այնուամենայնիվ, վստահության հարցին ընդառաջ գնալու համար իշխանությունները եկան ընդհանուր հայտարարի` ընդունելով ԸՕ լրացուցիչ երկու օրենք, որոնցից մեկն ընդունվեց պայմանով, մյուսը` առանց պայմանի»:
Ինչպես նշեց պատգամավորը, այս պահին բոլորի խնդիրը «ընդդիմություն-իշխանություն-քաղաքացիական հասարակություն» համաձայնության հարցը պետք է լինի, քանի որ 2017-ին շատ կարեւոր ընտրություններ են լինելու:
«Ընտրվելու է նոր Ազգային ժողով, որն էլ ձեւավորելու է ողջ իշխանական բուրգը` նախագահ, վարչապետ, պետական անկախ մարմինների ղեկավարներ: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ քննարկումները` գտնելով այն ընդհանուր եզրերը, որի շուրջ պետք է համախմբվենք` լինի ցուցակների հրապարակում, թե այլ մեթոդ: Չեմ ուզում դեռ փակագծերը բացել, եթե ընդհանուր եզրահանգման գանք` ցուցակների հրապարակման եւ այլ մեխանիզմների հետ կապված, ապա դա կքննարկենք, որ ձեւավորենք վստահության մթնոլորտ»,- ասաց Հ. Սահակյանը: