Թուրքիայում ՆԳ նախարարին փոխել են ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից անմիջապես հետո
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է թուրքական ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հրաժարականի եւ նրա փոխարեն այդ պաշտոնում աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուին նշանակելու մասին: Վերջինս ԶԼՄ-ներին հայտարարել է, որ այդ նշանակումն իր համար անակնկալ է եղել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Էֆքան Ալայի աշխատանքից ազատումը տեղի է ունեցել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ օգոստոսի 31-ին Անկարայում նրա հանդիպումից անմիջապես հետո:
Այս իրադարձությունը տարակուսանք է առաջ բերել թուրքական փորձագիտական հանրության մեջ: Բոլորի մոտ հարց է առաջացել, ինչ է տեղի ունեցել իրականում:
Ըստ թուրք փորձագետների` Էֆքան Ալան թուրքական կառավարությունում եղել է նախագահ Էրդողանին ամենանվիրված անդամներից մեկը: Հենց նա է առանցքային դերակատարություն ունեցել հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ճնշելու մեջ: