Մերկելին ԳՖՀ-ի քաղաքացիների աջակցման մակարդակը նվազագույն ցուցանիշն է արձանագրել վերջին հինգ տարում
International newsԳերմանիայի քաղաքացիների կողմից կանցլեր Անգելա Մերկելի աջակցման մակարդակն ընկել է վերջին հինգ տարվա նվազագույն ցուցանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են այն հարցման հրապարակված արդյունքները, որը Infratest dimap ծառայությունն անցկացրել է ARD հեռուստաալիքի համար:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, Մերկելի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 45 տոկոսը (անցած ամսին՝ 47 տոկոսը): Սա ամենավատ ցուցանիշն է 2011 թվականի օգոստոսից ի վեր: Կանցլերի միգրացիոն քաղաքականությունը քննադատող Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերին աջակցում է քաղաքացիների 44 տոկոսը:
Գերմանիայի քաղաքացիներն ամենից լավ են տրամադրված արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի նկատմամբ. հարցման մասնակիցների 73 տոկոսը նշել է, որ «գոհ է կամ շատ գոհ է» նրա աշխատանքից: Շտայնմայերին հաջորդում են ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն (65 տոկոս), երրորդ տեղում Բադեն-Վյուրտենբերգի վարչապետ Վինֆրիդ Կրեչմանն է (56 տոկոս):
Փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի գործունեությունից գոհ է հարցվածների 41 տոկոսը:
Հարցմանը մասնակցել են Գերմանիայի 1004 քաղաքացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: