Թուրք-սիրիական սահմանին տարբեր երկրների 1905 քաղաքացի է ձերբակալվել
International newsԹուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրք-սիրիական սահմանի վրա իրենց կողմից ձերբակալվել են Սիրիայից Թուրքիա ներթափանցել փորձող տարբեր երկրների 1865 քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Եվս 40 հոգի ձերբակալվել է Թուրքիայից դեպի Սիրիա անցնելու փորձ կատարելու ընթացքում:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Գազիանթեփի ահաբեկչությունից հետո թուրքական կողմը խստացրել է թուրք-սիրիական սահմանի հսկողությունը և ներկա պահին սահմանի վրա վերահսկողություն պահելու համար օդում մարտական հերթապահություն են իրականացնում 4 հատ F16 տեսակի կործանիչներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նշենք, նաև, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: