Չինաստանում ընթանում է Պուտին-Էրդողան հանդիպումը
International newsՉինաստանում ընթանում է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկու նախագահները Խանչժոու են ժամանել G20 գագաթնաժողովին մասնակցելու համար:
Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հայտնել է երկու երկրների լիարժեք համագործակցության վերականգնումը քննարկելու մտադրության մասին: «Իհարկե, դեռ շատ բան է պետք անել բոլոր ուղղություններով լիարժեք համագործակցությունը վերականգնելու համար: Մենք այսօր հենց այդ մասին էլ կխոսենք »,- ասել է Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նաեւ կարեւորել է Թուրքիայում ներքաղաքական կյանքի կարգավորումը: «Մենք ուրախ ենք, որ Թուրքիայում ներքաղաքական կյանքը կարգավորվում է: Տեսնում ենք,որ Թուրքիայի համար բարդ ժամանակներ են, երկիրը պայքարում է ահաբեկչության դեմ ու բախվում լուրջ ահաբեկչական հանցագործությունների»,- ասել է նա: Պուտինը նաեւ վստահություն է հայտնել, որ իրավիճակը ամբողջովին կկարգավորվի ու երկրների միջեւ երկկողմանի փոխգործակցության ոլորտում հետագա զարգացում կլինի:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել նրան երկրների միջեւ չարթերային ավիահաղորդակցությունը վերականգնելու համար: Նա նաեւ նշել է, որ մտադիր է քննարկել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի ոլորտում: