Հիմնականում բոլորն էլ նույնն են առաջարկում՝ Ղարաբաղի կարգավիճակ՝ տարածքների դիմաց. Կիրո Մանոյան
PoliticsԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին, նշեց, որ ներկայումս միջնորդ պետությունների ճիգերը շատ են՝ ուղղված բանակցությունների վերսկսմանը, քանի որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցած Վիեննայի և մյուս հանդիպումներում անդրադարձ չի եղել հարցի բուն էությանը:
«Հիմնական հարցերը վերաբերել են զինադադարի ռեժիմի ապահովմանը: Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների նվազմանը նպաստել են նաև միջնորդների կողմից ճնշումները:
Ճնշումները կան, բայց հարցի կարգավորման հարցում նորություն չկա: Արծարծվող փաթեթը նույնն է, դրա մեջ նորություն չկա: Հիմնականում այն է, ինչ Մադրիդյան սկզբունքները, Կազանյանը, հիմա սկսեցին խոսել նաև Լավրովի փաստաթղթի մասին, բայց հիմնականում բոլորն էլ նույնն են` առաջարկվում է Ղարաբաղի կարգավիճակ՝ տարածքների դիմաց»,- ասաց նա:
Ըստ Կ.Մանոյանի՝ դժվար է ակնկալել, որ մինչև տարեվերջ բանակցային գործընթացում կարող է լինել լուրջ տեղաշարժ:
«Ադրբեջանը կշարունակի իր ապակառուցողական դիրքորոշումը և պետք չէ բացառել, որ Ադրբեջանի կողմից, ի նշան բողոքի, կլինեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր»,- ասաց բանախոսը: