Արմեն Աշոտյանը ներկայացրեց իշխող ՀՀԿ-ի ակնկալիքները նոր ձևավորվելիք կառավարությունից
PoliticsՆոր ձևավորվելիք կառավարությունից իշխող Հանրապետական կուսակցությունն ակնկալում է տնտեսական երկարաժամկետ աճի համար համապատասխան հնարավորությունների ստեղծում, տնտեսության մեջ ներդրումային միջավայրից մինչև կառուցվածքային փոփոխություններ: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ակնկալում ենք, որ քաղաքական համակարգում նոր կառավարությունը կբերի նոր Սահմանադրության կիրառմանն ուղղված նոր զարգացումներ, կձևավորի այնպիսի միջավայր, որը Հայաստանին թույլ կտա էլ ավելի լավ օգտագործել իր հանրային ռեսուրսը, մարդկային կապիտալը: Խոսքն այստեղ չի գնում միայն հայաստանցիների, այլ համայն հայության մարդկային կապիտալի մասին: Նաև ակնկալում ենք, որ կառավարությունը կապահովի երկրի անցնցում զարգացումը և մոտեցումը խորհրդարանական ընտրություններին»,- նշեց Աշոտյանը:
Նա հավելեց, որ այս ամենով հանդերձ նոր կառավարությունը պետք է նպաստի նաև ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ հատկապես պաշտպանական ուղղությամբ, պետք է պատրաստ լինի բարձրացնել երկրի մարտունակությունը բոլոր ոլորտներում հնարավոր ագրեսիաների պարագայում: «Ակնհայտ է, որ սա որքան էլ հեշտ է արտաբերել, անելը իրականում շատ դժվար է: Կառավարությունը, կարծում եմ, շատ մեծ աշխատանքներ ունի անելու, որոնց անմիջական մասնակցություն է ունենալու Հանրապետական կուսակցությունը»,- եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը: