«ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում 1,1 մլրդ դոլար է ծախսել». Պենտագոն
International news
Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական խմբավորման դեմ պայքարն ԱՄՆ-ի զինվորականների վրա նստել է արդեն 1,1 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հրապարակել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:
Հաշվարկը կատարվել է հունիսի կեսից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ Վաշինգտոնն սկսեց զինվորական մասնագետների ուղարկել Իրաք՝ տեղական զորքերին կոնսուլտատիվ օգնություն ցուցաբերելու և երկրում գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու համար: Հաշվետվության համաձայն՝ 62 միլիոն դոլար ծախսվել է այն ավիահարվածների վրա, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի գործողությունների շրջանակներում, ինչպես նաև «Թոմահավք» թևավոր հրթիռների արձակման համար:
Իսկ ըստ ընդհանուր գնահատումների՝ Պենտագոնը Սիրիայում և Իրաքում օրական ծախսում է մինչև 10 մլն դոլար՝ սկսած հունիսից: Թիվն ավելացել է աստիճանաբար՝ հարվածների ինտենսիվության աճի և ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողության գոտու ընդլայնման համեմատ:
Պենտագոնի նախկին ղեկավար Լեոն Պանետան կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ պատերազմը, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի սխալների պատճառով, կարող է տևել 30 տարի: Պանետան քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումները, որոնք նա ընդունել է վերջին երեք տարում: Նրա կարծիքով՝ 2011 թվականին Իրաքից զորքերի դուրսբերումը «վակուում» ստեղծեց անվտանգության առումով, իսկ երկրում զինյալների թիվը զգալիորեն ավելացավ:
Բացի այդ, Պանետան կշտամբել է Օբամային այն բանի համար, որ նա չանսաց 2012 թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդներին զինելու Հիլարի Քլինթոնի և ԿՀՎ-ի ղեկավարի կոչերին: Պանետայի կարծիքով՝ սիրիական հակամարտությանն ԱՄՆ-ի նման մասնակցությունը կարող է կանխել «Իսլամական պետության» զինյալների ուժեղացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: