ՌԴ օդատիեզերական ուժերը կարող են կրկին օգտագործել իրանական ավիաբազան՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար
International newsՄոսկվան և Թեհրանը բանակցություններ են վարում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ռուսական օդատիեզերական ուժերի՝ «Համադան» ավիաբազայի տարածք վերադարձի շուրջ: Այս մասին գրում է ռուսական «Известия» թերթը:
Թերթի փոխանցմամբ՝ ռուսական Су-34 և Ту-22М3 կործանիչների տեղափոխման համար «Համադան» ավիաբազայի տարածքում անհրաժեշտ են որոշակի պատրաստություններ, որոնք կտևեն մոտ մեկ շաբաթ:
Ռուսաստանի պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Զոտովն այս առիթով հայտնել է, որ այս համաձայնությունը կօգնի իրենց ԻՊ խմբավորման դեմ պայքարում:
«Եթե Ռուսաստանը վերադառնա իրանյան բազա, կարծում եմ, որ դա կունենա լավ ազդեցություն: «Համադանը» ռազմաբազա է, որն անմիջականորեն ազդում է ահաբեկիչների ոչնչացման վրա», - ասել է Զոտովը:
Պատգամավորը նաև նշել է, որ չնայած Իրանի օրենսդրության մեջ առկա որոշ կետերի՝ նրանք կարող են համաձայնության գալ, երբ խոսքը վերաբերում է գրոհայիններին ոչնչացնելուն:
Նախագահին կից Հանրային պալատի գիտախորհրդատվական խորհրդի անդամ, քաղաքագետ Սերգեյ Վորոնինը նույնպես կարծում է, որ Համադանի ավիաբազան առանցքային նշանակություն ունի Ռուսաստանի համար ԻՊ-ի դեմ պայքարում, քանի որ դրա շնորհիվ ռուսական կործանիչներն ավելի կարճ և արդյունավետ թռիչքներ կիրականացնեն, ինչպես նաև ավելի շատ ռազմամթերք կկարողանան տեղափոխել:
Նրա խոսքով՝ Համադանի ավիաբազայի օգտագործման հարցում կողմերի միջև ծագած անհամաձայնությունը մոտ ապագայում կհարթվի:
«Ինչպես հայտնի է՝ Մոսկվան հանրայնացրել էր այդ ինֆորմացիան: Թեհրանն ուներ այն համոզմունքը, որ իրենք առաջինը պետք է անեն հայտարարություն այդ մասին, կամ էլ գործողություններն առաջվա պես պետք է կատարվեին փակ ռեժիմի պայմաններում: Մանավանդ, որ Իրանում կա մի արևմտամետ էլիտա, որը զգուշանում է Արևմուտքի նոր պատժամիջոցներից Ռուսաստանի հետ համագործակցելու դեպքում», - նշել է Վորոնովը՝ խոսելով Ռուսաստանի կողմից ավիաբազայի օգտագործման դադարեցման պատճառների մասին:
2016թ.-ի օգոստոսի 16-ից Ռուսաստանի օդատիեզերական ուժերը թռիչքներ են իրականացրել «Համադան» ավիաբազայից՝ Սիրիայի տարածքում իսլամիստների դիրքերին հարվածներ հասցնելու համար: Նախկինում ռուսական հեռավոր ավիացիան Սիրիայում օդային հարվածների համար թռիչքներ էր կատարում ռուսական աերոդրոմներից, իսկ ռմբակոծիչները՝ սիրիական «Հմեյմիմ» բազայից: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ ռուսական ուժերը դադարեցրել են Համադան ավիաբազայից թռիչքները դեպի Սիրիա: