Ֆրանսիայում ձերբակալված կանայք Լիոնի կայարանում ահաբեկչություն էին պլանավորում
International newsՆախօրեին Ֆրանսիայի Բուսսի Սենտ Անտուան համայնքում ձերբակալված երեք կանանց կասկածում են Փարիզում՝ Լիոնի կայարանում, դաժան եւ անմիջական սպառնալիք ներկայացնող գործողություններ նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած իր աղբյուրները։
Դրանց տեղեկություններով՝ ձերբակալվածները մտադիր էին ահաբեկչություն կազմակերպել սեպտեմբերի 8-ին։ Փարիզի բոլոր կայարաններում եւ Բուսսի Սենտ Անտուանի երկաթուղային կայարանում տագնապի աստիճանը բարձրացվել է։
39, 23 եւ 19 տարեկան երեք կանայք ձերբակալվել են Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ կայանած գազի բալոններով մեքենայի գործի շրջանակներում։ Երկրի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հայտնել է, որ խոսքը մոլեռանդ եւ արմատական տրամադրված կանանց մասին է։
Ձերբակալվածներից մեկը 19-ամյա աղջիկ է, որն իր նամակում հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համախոհ է։
AFP–ի տեղեկություններով՝ այդ աղջկա անունը Ինես Մադանի է։ Գործակալության տեղեկություններով՝ նա գազի բալոններով մեքենայի տիրո դուստրն է։