Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել. չեղարկվել է նրա երկօրյա այցը Կալիֆոռնիա
International newsԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, ինչի մասին հայտնում է bbc.com-ը՝ վկայակոչելով թեկնածուի անձնական բժիշկ Լիզա Բարդաքին:
Վերջինի փոխանցմամբ, Քլինթոնի մոտ թոքաբորբն ախտորոշվել է ուրբաթ, ինչից հետո նրան հակաբիոտիկներ են նշանակվել: Բժիշկը նաև հավելել է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նյույորքյան միջոցառմանը մասնակցելու ժամանակ, դեմոկրատների թեկնածուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է ջրազրկման պատճառով: Սակայն նշվում է, որ քաղաքական գործիչն իրեն արդեն լավ է զգում և արագ ապաքինվում է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ստեղծված իրավիճակում Քլինթոնն ստիպված է եղել չեղարկել նախընտրական քարոզարշավի շրջանակում Կալիֆոռնիա նահանգ կատարելիք այցը: Հայտնի է, որ Քլինթոնը պետք է այսօր երկօրյա այցով Կալիֆոռնիա մեկներ, որտեղ հանդիպում էր ծրագրված իր քարոզարշավի համար գումար հավաքողների հետ:
Նշենք, որ ԶԼՄ-ների կողմից ակտիվորեն քննարկվում է կիրակի համացանցում հայտնված տեսանյութը, որում երևում է՝ ինչպես է Քլինթոնն իր թիմի ներկայացուցիչների օգնությամբ լքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման վայրը: Ճանապարհին նա նույնիսկ սայթաքել է ու կորցրել մի կոշիկը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս միջադեպից հետո համացանցի օգտատերերը կոչ են արել Քլինտոնին լքել նախագահական մրցապայքարն ու մտածել սեփական առողջության մասին: