Բելառուսի ԿԸՀ. Խորհրդարանում Կոմկուսի ներկայացուցիչներ կլինեն
International newsԲելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատ է ընտրվել 38 կին, ինչը կազմում պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան, փոխանցում է «Սպուտնիկ Բելառուսը»:
«Հիմա 9-ով շատ կին պատգամավոր է ընտրվել, քան 4 տարի առաջվա խորհրդարանական ընտրություններում»,- ասել է Երմոշինան՝ շեշտելով, որ բելառուս պատգամավորների գենդերային բաղկացուցիչն այսպիսով ուժեղացվել է:
Նա նաեւ հայտնել է, որ Բելառուսի խորհրդարանում ներկայացված են լինելու մի քանի քաղաքական կուսակցություններ, այդ թվում ընդդիմադիր, բայց ամենից շատ՝ կոմունիստները: Նրա խոսքով Բելառուսի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից լինելու է 1 պատգամավոր, «Միացյալ քաղաքացիական կուսակցությունից»՝ 1, «Բելառուսի աշխատանքի ու արդարության կուսակցությունից»՝ 3, Կոմկուսից՝ 8 պատգամավոր: ԿԸՀ նախագահը նշել է, որ առաջին անգամ է, որ ընդդիմությունը չի դրսեւորել ընտրությունների խոչընդոտմանն ուղղված հռետորաբանություն ու ավելի կառուցողական է եղել, քան առաջ:
Երմոշինան նաեւ պատմել է, ո ր ստորին պալատում բավականաչափ հայտնի մարդիկ են ընտրված՝ այդ թվում Ավստրիայում ու Խորվաթիայում արտակարգ ու լիազոր դեսպան Վալերի Վորոնեցկին, երգչուհի Իրինա Դորոֆեեւան: Բացի դրանից խորհրդարանում վերընտրվել են անցյալ գումարման 28 պատգամավորները: