Հարգանքի մթնոլորտ՝ Աշտարակի ընտրություններին ընդառաջ
PoliticsՍեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքում նույնպես կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Սկզբնական փուլում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 8 թեկնածու, սակայն ներկայումս նրանցից 4-ը, այդ թվում` գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը, հանել են իրենց թեկնածությունը: Աշտարակի քաղաքապետի աթոռի համար պայքարն այս պահին շարունակվում է մնացած թեկնածուների միջև, սակայն, ի վերջո, ում կհաջողվի ստանձնել պաշտոնը, դեռ հայտնի չէ:
Աշտարակցիները Orer.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոստովանում էին, որ հոգնել են իրենց քաղաքի խնդիրները լուծելու խոստումներ տվող, բայց իրականում որևէ լուրջ առաջանթաց չիրականացնող քաղաքապետերից և ցանկանում են նոր մարդկանց տեսնել քաղաքի կառավարման ղեկին.
«Բոլորն էլ ընտրությունների ժամանակ սարեր են խոստանում, բայց, երբ հերթը հասնում է խոստումները կատարելուն, հազար պատճառ են բերում: Մենք էլ գիտենք, որ հիմնական պատճառները փողի հետ են կապված, բայց մեզ այնպիսի ղեկավար է հարկավոր, որը ոչ թե խոստումներ տա և հետո դրանք մոռանա, այլ ամեն ինչի մասին մտածի, հարցեր լուծի և ոչ թե ընտրվելուց հետո մոռանա ժողովրդի մասին»:
Քաղաքապետի աթոռի համար պայքարն առայժմ շարունակվում է ԲՀԿ-ական Արշալույս Մեջլումյանի, նախկինում քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի, «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանի և գործարար Ռազմիկ Տերտերյանի միջև: Նրանք բոլորն էլ ընտրողներին ներկայանում են իրենց ծրագրերով և կարողանում են նախընտրական քարոզարշավի ընթացքում ազատ ու անկաշկանդ շփվել միմյանց հետ:
Մեր հարցումները ցույց տվեցին, որ ժողովուրդը, թեև այդքան էլ ակտիվ չի մասնակցում քարոզարշավին, սակայն ուրախ է, որ այս անգամ բոլորովին այլ մթնոլորտ է ձևավորվել և թեկնածուներից ոչ ոք իրեն թույլ չի տալիս մյուսի աշխատանքին խոչընդոտելու փորձ կատարել կամ այլ թեկնածուների վրա ցեխ շպրտել:
«Քաղաքը փոքր է, բոլորս էլ բոլորին ճանաչում ենք: Թեկնածուների թե´ հնարավորությունները գիտենք, թե´ ունակությունները, բայց ամենակարևորն այն է, որ համերաշխության մթնոլորտ է ձևավորվել, որը, կարծում ենք, պայմանավորված է Թովմաս Շահվերդյանի թեկնածության առաջադրմամբ: Նրա ընտանիքը հայտնի է Աշտարակում որպես զուսպ, աշխատասեր և քաղաքում բարձր հեղինակություն վայելող ընտանիք: Կարծում ենք, որ դա է պատճառը, որ ընտրություններից առաջ առանձնապես լարվածություն կամ ճնշում չկա ընտրողների վրա: Մենք էլ լսում ենք բոլորին, բայց մեր ընտրությունը ժամանակին կանենք և հույս ունենք, որ այս անգամ իսկապես հնարավոր կլինի քաղաքը դուրս բերել ծանր կացությունից: Մեզ գրավում է այն, որ նա բավականին կազմակերպված երիտասարդ է և ավելորդ խոստումներ չի տալիս, աշխատասեր է: Ավելի հակված է բոլորին իր շուրջը համախմբելու ու համատեղ ուժերով քաղաքը ծաղկեցնելուն ուղղված քայլեր կատարելուն, քան քաղաքապետի աթոռը սեփականաշնորհելուն: Թե չէ հոգնել ենք չինովնիկներից, ուզում ենք աշխատող քաղաքապետ ունենալ»,- ասում էին աշտարակցիները:
Արմինե Գրիգորյան