Իրանը մտադիր է ՄԱԿ–ում բողոքել ԱՄՆ պահվածքից
International newsԻրանը մտադիր է ՄԱԿ–ում բարձրացնել ԱՄՆ–ի կողմից միջուկային համաձայնագրի չպահպանման հարցը։ Այս մասին ասել է Իրանի Նպատակահարմարության խորհրդին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վալեյաթին, փոխանցում է Irna–ն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն ի վիճակի չէ պահել իր խոստումները, եւ Վաշինգթոնը կողմնակալություն է ցուցաբերել։ Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ Ֆրանսիայի վարքը տարբերվում է համաձայնագրի մյուս անդամ երկրների վարքից։
«Վաշինգթոնը դեմ է դուրս գալիս Իրանին Ս-300 ԶՀՀ վաճառելու Ռուսաստանի որոշմանը՝ պնդելով, որ դա հակասում է միջուկային գործարքին, սակայն Ռուսաստանը ԱՄՆ–ին հաստատուն պատասխան է տվել՝ հայտարարելով, որ համակարգի մատակարարումներն ուղղված չեն գործարքի դեմ։ Համաձայնագրի անդամ երկրների վարքը տարբերվում է։ Ամենից շատ գործարքը տապալելու միտում է ցուցաբերում ԱՄՆ–ը»,– ասել է նա։