Հունգարիան արձագանքել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի` երկիրը ԵՄ կազմից հանելու կոչին
International newsՀունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնի` երկրին Եվրամիության կազմից հանելու կոչը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Հունգարիայի կառավարության կայքին:
«Անցած տարի Ժան Ասելբորնն արդեն ցույց է տվել, որ ինքը մակերեսային մտածող է: Նա ուզում է Հունգարիան հանել ԵՄ կազմից, սակայն, դասական նիհիլիստ լինելով` ինքն իրեն բացառել է լուրջ քաղաքական գործիչների շարքից»,- ասել է Սիյարտոն:
Պետեր Սիյարտոն նաև նշել է, որ Ասելբորնն «անընդհատ աշխատում է Եվրոպայի անվտանգությունն ու մշակույթը ոչնչացնելու ուղղությամբ»: Նրա խոսքով` Հունգարիան, ընդհակառակը, իր ամբողջ պատմության ընթացքում միշտ պաշտպանել է Եվրոպան, և այժմ էլ է նույնն անում:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը կոչ է արել Հունգարիային հանել Եվրամիության կազմից` ընդգծելով, որ երկրի քաղաքականությունը հակասում է միության արժեքներին: