Մեկնարկած քաղաքական աշունը կարող է հիշվել որպես «բարեփոխումների աշուն». Շարմազանով
PoliticsՄեկնարկած քաղաքական աշունը հուսադրող է նաեւ այն պատճառով, որ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություն ձեռք բերվեց Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հնարավոր է՝ ապագա պատմաբանները 2016 թվականի քաղաքական աշունն անվանեն բարեփոխումների աշուն: Դեռեւս փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթում ազդարարվեց մեր երկրում արմատական բարեփոխումների սկիզբը, որտեղ նշվեց, որ մեզ պետք է չգոհացնի այն վիճակը, որն առկա է Հայաստանում, եւ մենք բոլորս պետք է ստեղծենք մի Հայաստան, որի քաղաքացիները չեն մտածի այն լքելու մասին:
Համակարգային փոփոխությունների անցկացման ճանապարհին մենք պետք է զերծ մնանք ցնցումներից եւ ընթանանք համերաշխության, հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի ճանապարհով: Սա է պահանջում Հայաստանի շահը:
Պատմությունն ապացուցել է, որ հաջողում են այն հասարակություններն ու պետությունները, որտեղ իշխանություններն իրենք են գիտակցում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ նախաձեռնելով համակարգային փոփոխություններ: Կարող ենք փաստել, որ մեր երկրում համակարգային փոփոխությունների օրակարգը ձեւավորում են իշխանությունները»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցն է նաեւ իշխանությունների կողմից գործնական քայլերի իրականացումը. ապագա խորհրդարանական ընտրությունները կազմակերպել բարեփոխված Ընտրական օրենսգրքով, որը գործնականում կչեզոքացնի ընտրախախտումները եւ, այսպիսով, հանրության մոտ կբարձրացնի վստահությունն ընտրական գործընթացների եւ արդյունքների նկատմամբ:
«Քաղաքական մշակույթի ամրապնդման առումով անչափ կարեւոր է ՏԻՄ ընտրությունների բաց, հրապարակային եւ մրցակցային բնույթը: Կուսակցությունների ակտիվ մասնակցությունն այս ընտրություններին Հայաստանում բազմակարծության եւ ժողովրդավարական արժեքների անշրջելիության վկայությունն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Եզրափակելով ելույթը՝ Շարմազանովը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը նշելու է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման 25-րդ տարեդարձը: «Եվ այսօր, առավել քան երբեւէ, մեր հասարակությանն անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն: Անկախ քաղաքական կողմնորոշումից եւ սոցիալական դիրքից՝ մենք պետք է գործենք հանուն Հայրենիքի հզորացման: Պի՛տ զորանա Հայաստանը, պի՛տ զորանա, քանի որ այդպես է ուզում հայ ժողովուրդը»: