Բալիում զբոսաշրջիկներով շոգենավ է պայթել
International newsԱռնվազն մեկ մարդ զոհվել է Բալիում զբոսաշրջային շոգենավի վրա պայթյունի հետեւանքով, մոտ 20-ը վնասվածքներ է ստացել: Զոհվել է Գերմանիայից զբոսաշրջուհի, հայտնել են ոստիկանությունից: Առայժմ չի պարզվել, թե ճշգրիտ ինչն է պայթյունի պատճառ դարձել, բայց տեղի իշխանությունների տվյալների համաձայն, դա ռումբ չի եղել, հայտնում է BBC-ն:
Շոգենավում մոտ 30 մարդ է եղել (բոլորը` օտարերկրացիներ) եւ անձնակազմի 4 անդամ: Նավն ուղեւորվել է դեպի Ջիլի Տրավանգան կղզի: Ուղեւորների թվում Բրիտանիայի 17 քաղաքացի կա, ինչպես նաեւ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Իռլանդիայից եւ Իսպանիայից: Պայթյունը տեղի է ունեցել, երբ շոգենավն ընդամենը 200 մ էր հեռացել նավամատույցից: «Դատելով ուղեւորների վկայություններից եւ նրանից, ինչ ես տեսա դեպքի վայրում, պայթյունը տեղի է ունեցել վառելիքային բաքում», - պատմել է Բալիի ոստիկանության սպա Սուջենգ Սուդարսոն: Նրա խոսքով, զբոսաշրջիկներից մեկի մահվան պատճառ է դարձել գլխի վնասվածքը: