ԱՄՆ-ն 11 մլն դոլար կհատկացնի փախստականների ընդունող երկրներին
International newsԱՄՆ-ն որոշում է կայացրել 11 մլն դոլար հատկացնել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի ծրագրերին աջակցելու նպատակով, հայտնել է Պետդեպարտամենտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերատեսչության տվյալներով միջոցները որպես օգնություն կտրամադրվեն իրենց տարածքում փախստականների ընդունող երկրներին:
«ԱՄՆ տրամադրած գումարները ռեսուրսներ ու փորձագիտական գիտելիքներ կապահովեն, որպեսզի օգնեն երկրներին ստեղծել իրավական, կազմակերպչական ու հասարակական շրջանակներ, որոնք անհրաժեշտ են վերաբնակեցման հուսալի ու կայուն ծրագիր մշակելու համար»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Որոշումը կայացվել է փախստականների հարցերով գագաթնաժողովի նախօրեին, որը անցնելու է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանի նախօրեին: Միջոցառմանը մասնակցելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, նաեւ Հորդանանի, Մեքսիկայի, Գերմանիայի, Շվեդիայի Եթովպիայի ու Կանադայի առաջնորդները:
Նախօրեին Համաշխարհային բանկը հայտնել էր, որ ընթացիկ միգրացիոն ճգնաժամը, երբ ամբողջ աշխարհում 65 մլն մարդ ստիպված է եղել լքել իր հայրենիքը, աշխարհի 10 երկրներում շարունակվող հակամարտությունների հետեւանքն է, ընդ որում հիմնական հոսքը (փախստականների մոտ մեկ երրորդը ) բաժին է հասնում Սիրիային: