Սիրիայում կոալիցիայի հարձակումը վտանգի տակ է դնում ժնևյան պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ
International newsՍիրիայի հարցով ժնևյան պայմանավորվածությունների իրականացումը կարող է վտանգի տակ դրվել, ինչը հակասում է ողջ միջազգային հանրության շահերին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հատկապես մտահոգում է այն, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության անօրինական զինված խմբավորումների կողմից ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի բազմաթիվ փաստագրված խախտումների ֆոնին»,- ասված է հայտարարությունում։
Ինչպես նշվում է հայտարարությունում, համաձայնության պայմանները չպահպանելու դեպքում կարող է վտանգի տակ դրվել «սեպտեմբերի 9-ին Ժնևում ձեռքբերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ողջ համալիրի իրականացումը»։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները շաբաթ օրը Դեյր-էր-Զորում չորս հարված են իրականացրել սիրիական զորքերի ուղղությամբ։ Զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 հոգի վիրավորվել է։
Պենտագոնը հայտարարել է, որ ցավում է իր գործողությունների համար, որոնց հետևանքով մարդիկ են մահացել, և պնդում է, որ ԱՄՆ ավիացիան գործել է «ոչ միտումնավոր» և կարծել է, որ հարված է հասցրել ԻՊ-ի դիրքերի վրա։