Կոնգրեսական Ջիմ Կոստան կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
International newsԱՄՆ կենգրեսական Ջիմ Կոստան, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի ամբիոնից, Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ շնորհավորական խոսքեր է ուղղել Սան Խուակին հովտում, երկրի ողջ տարածքում և աշխարհի տարբեր անկյուններում բնկավող հայերին:
«Միանում եմ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի տոնակատարություններին: 25 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և ևս մեկ անգամ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը:
Այս տարի ավելի վաղ ես հնարավորություն ունեցա առաջին անգամ այցելելու Հայաստան, և ինձ այնտեղ իսկապես զգացի ինչպես տանը: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ շատ նման էին Սան Խուակին հովտի բնակիչներին, որոնց ես ներկայացնում եմ: Այստեղ բազմաթիվ հայեր են բնակվում սերունդներ շարունակ` կազմելով Հայոց սփյուռքը, և դա Հայոց ցեղասպանության հետևանքներից է:
Ինչպես և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները, հայերը ընկերական են, ջերմ և հպարտ իրենց ավանդույթներով, մշակույթով և կրոնով: Ես հնարավորություն եմ ունեցել պատանի տարիներին բնակվելու և մեծանալու նման ջերմ մարդկանց շրջապատում` ծանոթանալով Հայոց ժառանգությանը:
Սա ևս մեկ հնարավորություն է շնորհավորելու մեր երկրում և ողջ աշխարհում բնակվող հայերին, ինչպես նաև չեմ կարող չօգտվել առիթից և կոչ չանել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը պատմաբանները ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն», - ելույթը եզրափակել է կոնգրեսականը: