Քաղտեխնոլոգը Գյումրիում և Վանաձորում կայանալիք ընտրությունները քաղաքական է համարում
PoliticsՀոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններից ելնելով՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարող է մոտավոր պատկեր կազմել ապագա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն մյուս համայնքների ՏԻՄ ընտրությունների, Վանաձորում և Գյումրիում դրանք ավելի լուրջ կլինեն, քանի որ կլինեն քաղաքական: Նրա խոսքով՝ կարելի է ասել, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ խորհրդարանականի «մինի մոդելն» է փորձարկվելու:
«ՏԻՄ ընտրությունները Հայաստանում երբեք քաղաքական չեն եղել, քանի որ գյուղում կամ փոքր քաղաքներում մարդիկ հավաքվում են և սատարում իրենց հարազատին, բարեկամին կամ ընկերոջը: Սակայն այս ընտրությունները Գյումրիի ու Վանաձորի համար կլինեն քաղաքական»,- նշեց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը, անդրադառնալով 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, չբացառեց, որ կլինեն նոր դեմքեր և կստեղծվեն նոր դաշինքներ: Նրա կարծիքով՝ իշխանական կազմում նույնպես կտեսնենք շատ նոր դեմքերի: