Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն այլընտրանք չեն Արևմուտքի հետ Անկարայի հարաբերություններին. թուրք նախարար
International newsԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի սերտ հարաբերություններն այլընտրանք չեն Արևմուտքի հետ Անկարայի հարաբերություններին:
Ամերիկյան Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Չելիքը հերքել է այն պնդումները, թե Թուրքիան հեռանում է Արևմուտքից: Նա ընդգծել է, որ խոր մոլորության մեջ են նրանք, ովքեր փորձում են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձենալու գործընթացը ներկայացնել որպես Արևմուտքին հասցեագրված ինչ-որ ազդանշան:
«Թուրքիան չի հեռանում Արևմուտքից: Դա արմատապես սխալ մոտեցում է: Թուրքիան ոչ մի կերպ չի փոխել իր արտաքին քաղաքական կուրսը: Այդ թեման ակտիվորեն շահարկում են այն շրջանակները, որոնք Թուրքիայի իշխանություններին չեն աջակցել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ձախողումից հետո:
Ընդհակառակը՝ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունները լրացնում են միմյանց»,- ասել է նա:
Չելիքի խոսքով՝ թուրքական հասարակության շրջանում չի նկատվում հակաամերիկյան տրամադրությունների աճ: Նա ԱՄՆ-ին կոչ է արել ատահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին: