Թրամփը մտադիր է ընտրվելու դեպքում Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչել
International newsՄիացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում:
«Պարոն Թրամփն ընդունել է, որ Երուսաղեմը 3 հազարամյակից ավելի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և որ Միացյալ Նահանգները Թրամփի՝ իշխանության գալու դեպքում վերջապես կընդունի ավելի վաղ Կոնգրեսի կողմից Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը»,-ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:
Աղբյուրը մանրամասնում է, որ բացի այդ, Թրամփն ու Նեթանյահուն Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են 2 երկրների միջև հարաբերությունները՝ այդ թվում նաև Իսրայելի ռազմական հզորության, անվտանգության և կայունության հարցերը:
Հայտնի է, որ անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը: Հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայել պետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։