Դեռևս վաղ է խաչ քաշել Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունների վրա
International newsՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռևս վաղ է խաչ քաշել Սիրիայի հարցով Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունների վրա։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Ես կարծում եմ, որ նրանք էլ այդպես չեն կարծում»,- ասել է նա NTV-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է խաչ քաշել ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների վրա։
Նրա խոսքով՝ Մոսկվան հավատարիմ է այդ պայմանավորվածություններին, որոնցում վերջակետ է դրվել այն բանից հետո, երբ մնացյալ հարցերը լուծվել էին սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպմանը։
Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները, ըստ ամենայնի, չեն լսում իրենց գլխավոր հրամանատարին՝ նախագահ Բարաք Օբամային, որն աջակցել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ փոխգործակցությանը։