Կալիֆոռնիայում բացվել Է Համաշխարհային ակադեմիական գագաթնաժողովը
International newsԱՄՆ-ի Բերքլի քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) սեպտեմբերի 26-ին բացվել Է Համաշխարհային ակադեմիական գագաթնաժողովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամենամյա միջոցառման մամուլի տեղեկագրում, որը կազմակերպում Է բրիտանական Times Higher Education (THE) հանդեսը:
Այս տարի գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 200 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ երկրների խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից, անցկացվում Է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում: Եռօրյա միջոցառումը, որը կավարտվի սեպտեմբերի 28-ին, հարթակ Է, որտեղ երկխոսություն եւ գաղափարների փոխանակում Է տեղի ունենում բուհերի, գիտական հաստատությունների, կրթական ասոցիացիաների ու մասնավոր հատվածի միջեւ:
Այս տարի հավաքը նվիրված Է լինելու աշխարհի առաջատար բուհերի գործունեության եւ հանրային շահերի միջեւ փոխկապվածությանը: Ինչպես հայտարարել Է Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի ռեկտոր Նիկոլաս Դիրքսը, ներկայում, ինչպես ավելի վաղ երբեք, «գլոբալ մարտահրավերներին հակազդելու հաջողությունը կախված Է ամբողջ աշխարհի բուհերի համագործակցելու, իրենց ջանքերը կենտրոնացնելու եւ գիտելիքներ փոխանակելու ունակությունից»:
«Առաջատար համալսարանների ապագան ոչ միայն մասնավոր եւ պետական բուհերի հարաբերությունների զարգացում, այլեւ ամբողջ աշխարհի համալսարանների փոխգործակցություն Է պահանջում այն ժամանակ, երբ մենք զբաղվում ենք գլոբալ խնդիրների լուծումներ փնտրելով»,-ասել Է ռեկտորը:
Times Higher Education-ի խմբագիր Ֆիլ Բեթին, իր հերթին, հույս Է հայտնել, որ գագաթնաժողովի մասնակիցները «գործնական գաղափարներ կներկայացնեն կրթության եւ համաշխարհային մակարդակով գիտահետազոտական գործունեության զարգացման վերաբերյալ» եւ կպատմեն իրենց անփոխարինելի փորձի մասին, ինչը կօգնի հաղթահարել ժամանակակից կրթության առջեւ ծառացած դժվարությունները:
Times Higher Education-ը բրիտանական շաբաթահանդես Է, որը մասնագիտանում Է բարձրագույն կրթության նորությունների բնագավառում եւ հայտնի Է աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա իր վարկանիշով: Ընթացիկ տարում ցուցակում առաջին տեղն զբաղեցրել Է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: