Ուորլիքը, այսպես ասած, մանևրում է. Կարինե Աճեմյան
PoliticsՕրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն որոշակի տարածքների հանձնմամբ։ Նշված հայտարարության վերաբերյալ Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանից, ով նկատեց, որ պարբերաբար ականատես ենք լինում այնպիսի հայտարարությունների, որոնք իրականության ու հակապես այս ժամանակահատվածի հետ որեւէ կապ չունեն. «Մեր դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ հստակ է ու դա արտահայտվել է ե՛ւ ՀՀ ԱԳՆ-ի, ե՛ւ Ղարաբաղի բարձր իշխանությունների կողմից։ Ինքս մշտապես ասել եմ, որ խոսակցություն տարածքների զիջման մասին չպետք է լինի, որովհետեւ մենք ինքներս ունենք հավակնություններ այն տարածքների հանդեպ, որոնք հիմա գտնվում են օկուպացիայի մեջ Ադրբեջանի կողմից։ Մենք անընդհատ պետք է բարձրաձայնենք Շահումյանի շրջանի, Գետաշենի եւ մյուս տարածքների մասին»։
Ինչպես նշեց տիկին Աճեմյանը, Ուորլիքն ընդամենը տեսակետ է հայտնել, որի հետ կապված ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ Արցախի նախագահն իրենց մեսիջները վաղուց հայտնել են։ Հարցին, թե ինչ է ցանկանում ցույց տալ համանախագահն իր այդ հայտարարությամբ, Կ. Աճեմյանը պատասխանեց. «Դա ընդամենը տեսակետ է, որը հայտնել է համանախագահը, քանի որ իրենք աշխատանքային գործընթացի մեջ են եւ մշտապես ցանկանում են նշել, որ պրոցեսը գնում է ու դինամիկա կա, իհարկե, այդ դինամիկան մենք պետք է տեսնեինք մեխանիզմների ներդրմամբ եւ այլ քայլերով, ոչ թե հայտարարությունների։ Ես կարծում եմ, որ Ուորլիքը, այսպես ասած, մանևրում է»։