Ստեփան Մարգարյանը ՏԻՄ ընտրությունների արդյունքները շոշափելի է համարում «Համախմբում» կուսակցության համար
PoliticsՆորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նայել է որպես փորձաշրջան՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքն երին, ընդգծեց, որ իրենց կուսակցության համար հատկապես Գյումրիում արդյունքները վատ չեն՝ հաշվի առնելով, որ կուսակցությունն ընդամենը մեկ ամիս առաջ է գրանցվել: «Մենք մեկ ամսվա ընթացքում ձևավորել ենք մեր տարածքային կառույցները և դրանից հետո որոշում ենք կայացրել մասնակցել ընտրություններին: «Այս պայմաններում ես կարծում եմ, որ եղան արդյունքներ, որոնք շոշափելի են: Իհարկե, Վանաձորում արդյունքներն ավելի վատ են, որովհետև այնտեղ ընտրություններին մասնակցելու որոշում մենք ավելի ուշ կայացրեցինք: Իսկ Գյումրիում, ես կարծում եմ, որ մեկ ամսվա կուս ակցության համար արդյունքները շոշափելի են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մարգարյանը:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում եղել են ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնք պայքարել են ոչ թե իշխանությունների, այլ հենց ընդդիմադիր կուսակցությունների դեմ: «Ես անուններ չեմ ցանկանում տալ, դուք կարող եք հետևել մամուլին»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան համախմբվել մեկ ընդհանուր գաղափարի և ընդհանուր ծրագրերի շուրջ:
Նա հավելեց, որ իրենք որոշ քաղաքական ուժերի հետ բանակցել են որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններին միասնական ուժերով մասնակցելու հարցով, սակայն արդյունքում ոչինչ չի ստացվել: «Մեր խիղճն այստեղ մաքուր է: Մենք արել ենք մեզանից կախված ամեն ինչ: Վանաձորում և Գյումրիում, բացի իշխանական քաղաքական ուժերից, մենք մնացած բոլորի հետ բանակցություններ վարել ենք: Մենք անգամ ասել ենք, որ չունենք որևէ ամբիցիա և պատրաստ ենք քննարկել առաջին համարի ցանկացած թեկնածուի հարց: Բայց, ցավոք, ոչինչ չստացվեց»,- եզրափակեց Մարգարյանը: