«Մեթյու» փոթորիկը հասել է Հաիթիի ափերին
International news«Մեթյու» փոթորիկը, որն Ատլանտյան օվկիանոսում վերջին տասնամյակների ամենաուժեղ փոթորիկներից մեկն է համարվում, վրա է հասել Հաիթիի ափերին, փոխանցում է BBC–ն։
Ուժեղ քամուց եւ հորդառատ անձրեւներից տուժել են կղզու հարավ–արեւմուտքում գտնվող քաղաքները եւ գյուղերը։ Զոհվել է առնվազն 2 մարդ, երկուսն էլ՝ ձկնորս։
Փոթորկին տրվել է սպառնալիքի 4-րդ աստիճան։ Փորձագետները զգուշացնում են, որ հորդառատ անձրեւները կարող են հանգեցնել հեղեղների Հաիթիում, Ճամայկայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում։
Հեղեղները հատկապես վտանգավոր են Հաիթիի համար, որը տարածաշրջանի ամենաաղքատ երկրներից մեկն է։ Բնակիչներն այստեղ ապրում են երերուն խրճիթներում, որոնք հատկապես խոցելի են բնության տարերքի առաջ։