ՀՀԿ-ի խնդիրը ամեն գնով քաղաքապետ ունենալը չէ. Շարմազանովը՝ Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին
PoliticsԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն կարող են միավորվել, հանդես գալ մեկ միասնական թեկնածուով և ՀՀԿ-ին զրկել քաղաքապետ ընտրելու հնարավորությունից, նշեց, որ ՀՀԿ-ի խնդիրն ամեն գնով քաղաքապետ ունենալը չէ:
«Իմ խորին համոզմամբ՝ այսօր վանաձորցուն անհրաժեշտ է օր առաջ ձևավորել քաղաքային իշխանություն: Մենք դեռ կտեսնենք, թե ինչպես կձևավորվի քաղաքային իշխանությունը: Քաղաքական ուժերը կորոշեն՝ ի շահ վանաձորցու»,- նշեց Շարմազանովը :
Նրա խոսքով՝ եթե քաղաքական ուժերը գնան իշխանություն-ընդդիմություն դասական սխեմայով, ապա Վանաձորում քաղաքային իշխանություն կարող է չձևավորվել, քանի որ ընդդիմադիր ուժերը միմյանց խանդով են վերաբերվում: «Մեկն ասում է դու ինձ միացիր, մյուսն էլ ասում է այդ դեպքում դու ինձ միացիր խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սա է խնդիրը, սակայն առանցքում հարկավոր է ունենալ վանաձորցու շահը, իսկ այդ շահը պահանջում է, որպեսզի Վանաձորն օր առաջ ունենա քաղաքային իշխանություն»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: