Թուրք զինվորը զավթիչ չէ. Թուրքիայի փոխվարչապետ
International newsCNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ ոչ ոք իրավասու չէ առարկել Իրաքի հյուսիսում՝ Բաշիքայի բազայում թուրք զինվորականների ներկայությանը, քանի որ դա կայունության տարր է:
Իրաքի խորհրդարանը երեկ բանաձև է ընդունել, որում դեմ է արտահայտվել Մոսուլից ոչ հեռու գտնվող Բաշիքայի ճամբարում թուրքական ռազմական ներկայությանը և կառավարությունից պահանջել է իրավական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, ինչպես նաև վերանայել նրա հետ տնտեսական համագործակցությունը:
Քուրթուլմուշը հայտարարել է. «Մենք Բաշիքայի հարցով պատրաստ ենք համագործակցել իրաքյան կառավարության հետ: Սակայն մենք թույլ չենք տա այդ թեման վերածել վեճի առարկայի: Իրաքում մեր բազան կայունության տարր է և ոչ ոք չի կարող առարկել Իրաքում Թուրքիայի ներկայության դեմ:
Մեր զորքերը գտնվում են Իրաքի հյուսիսի (քրդական ինքնավարության) վարչակազմի համաձայնությամբ: Թուրք զինվորը զավթիչ չէ»:
Իրաքի հյուսիսում թուրքական ռազմական ներկայության հետ կապված՝ Անկարայում Իրաքի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, ապա Իրաքի ԱԳՆ է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպանը: