Բունդեսթագի պատգամավորները հույս ունեն մշտական մուտքի թույլտվություն ստանալ Ինջիրլիք բազա
International newsԲունդեսթագի պատգամավորները հույս ունեն, որ մշտական մուտքի թույլտվություն կունենան Թուրքիայի Ինջիրլիք բազա։ Պատգամավորները նման հայտարարություն են արել նախօրեին բազա այցելելուց հետո, հայտնում է DPA–ն։
«Հնարավո՞ր է դա ապագայում։ Մենք դեռեւս դրա դեմ ոչինչ չենք լսում։ Մենք դրական եւ լավատեսորեն ենք տրամադրված»,– լրագրողներին ասել է Սոցիալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Առնոլդ Ռայները։
Ձախերի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեուն չի կիսում իր գործընկերոջ լավատեսությունը։ «Մեզ խուսափողական պատասխան են տվել»,– ասել է նա։ Պատգամավորներն այդ հայտարարություններն արել են Թուրքիայի Զմյուռնիա քաղաքում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ինջիրլիք այցելելու իրավունքի ժամկետի երկարաձգումը հենց սոցիալ–դեմոկրատների նախաձեռնությունն է։ Կուսակցությունը դա պարտադիր պայման է համարում Թուրքիայում Բունդեսվերի ռազմական առաքելության շարունակման համար։
Հիշեցնենք, որ Բունդեսթագի պատգամավորները նախօրեին՝ Անկարայի կողմից այցելությունն արգելելուց 4 ամիս անց, ժամանել էին Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա։
Անկարան հրաժարվել էր ռազմաբազա թողնել գերմանացի պատգամավորներին այն բանից հետո, երբ Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։