«Կարիք կար նոր արյան, նոր աշխատանքի, նոր թիմով հանդես գալու».Շարմազանովը` Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին
PoliticsԱզգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու կառավարության որոշմանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ նոր կառավարությունը հրաժեշտ տվեց Սուրիկ Խաչատրյանին, Շարմազանովն ընդգծեց, որ նոր առաջարկների, նոր գաղափարների, նոր պարտականությունների, նոր փիլիսոփայությ ան կարիք կա:
«Կարիք կար նոր արյան, նոր աշխատանքի, նոր թիմով հանդես գալու, որի մասին խոսել է հանրապետության նախագահը դեռևս փետրվարի 12-ին: Այսօր էլ դուք տեսաք, որ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց, այլ նաև լուրջ փոփոխություններ եղան: Ու ասեմ նաև, որ դեռևս փոփոխություններ կլինեն: Ասել եմ նաև, որ, գուցե, փոփոխություններ կլինեն մեր կուսակցության գործադիր կազմում նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ի համագումարի ժամանակ»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ փոփոխություններն, իհարկե, վարչապետի ու նախագահի առաջնահերթություններն են եղել: «Չեմ ուզում, որ միայն Սուրիկ Խաչատրյանի անձի վրա կենտրոնանանք: Դուք տեսնում եք, որ փոփոխությունները լինում են ու շարունակվում են»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
ՀՀ կառավարությունն աշխատանքից ազատել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին կփոխարինի Վահե Հակոբյանը: