Կվիրիկաշվիլին ԵՄ Խորհրդի որոշման համար շնորհավորել է Վրաստանի բնակչությանը
International newsNews Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկրի բնակչությանը շնորհավորել է COPERER-ի (միությանը կից ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտե) որոշման համար, որը երեկ միաձայն աջակցություն է հայտնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելուն:
COPERER-ի այդ որոշման արդյունքում Սլովակիային՝ որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի, մանդատ է տրվում Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցություններ վարելու համար:
Կողմերը պետք է պատրաստեն փաստաթղթի վերջնական տարբերակը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու համար: Դրանից հետո փաստաթուղթը պետք է քվեարկության դրվի Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, իսկ հետո հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից:
Կվիրիկաշվիլին COPERER-ի որոշման կապակցությամբ հայտարարել է. «Ցանկանում եմ շնորհավորել մեր երկրին, մեր համաքաղաքացիներին ևս մեկ կարևոր հաջողության ու միջազգային արենայում ճանաչման համար:
ԵՄ-ի ու նրա անդամ երկրների կողմից Վրաստանին աջակցելը իրականացված բարեփոխումների ու մեր քաղաքացիների եվրոպական ձգտումների ճանաչումն է»:
Կվիրիկաշվիլին ընդգծել է այդ որոշման կարևորությունը հոկտեմբերի 8-ին Վրաստանում նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ: