Պետդուման հավանության է արժանացրել Սիրիայում ռուսական ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը
International newsՌուսաստանի Պետդուման հավանության է արժանացրել Սիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) անժամկետ տեղակայման մասին այդ երկրի հետ կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթի օգտին քվեարկել են լիագումար նիստին ներկա բոլոր 446 պատգամավորները:
«Սիրիայի Արաբական հանրապետության տարածքում ռուսական ավիացիոն խմբի գտնվելու նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է, այն պաշտպանական բնույթ է կրում եւ ուղղված չէ այլ պետությունների դեմ»,- ասված է փաստաթղթում:
Հմեյմիմ բազայի ենթակառուցվածքներն ու անհրաժեշտ տարածքը ռուսական զինվորականների օգտագործմանն են տրամադրվում անհատույց:
Համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա էր ներկայացրել օգոստոսի 9-ին: Ակնկալվում է, որ Դաշնային խորհուրդը փաստաթուղթը կքննարկի հոկտեմբերի 12-ին: