Մոսկվան պահանջում է մանրամասն հետաքննել Եմենում 155 մարդու կյանք խլած ավիահարվածը
International newsՄոսկվան դատապարտում է Եմենի մայրաքաղաք Սանայի շենքերից մեկին հասցված ավիահարվածը, որի հետևանքով զոհեր են գրանցվել հուղարկավորության թափորի մասնակիցների շրջանում:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը` մեջբերելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, Մոսկվան պահանջում է մանրամասն և արդար հետաքննություն անցկացնել ու պատժել կազմակերպիչներին ու իրագործողներին:
«Այս ողբերգական իրադարձությունների հետ կապված մեր խոր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում: Նման հարձակումը խաղաղ բնակչության շրջանում չի կարող վրդովմունք չառաջացնել», - ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Սանայում հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով առնվազն 155 մարդ էր զոհվել, ավելի քան 520-ը` վիրավորվել: ԶԼՄ-ների տվյալներով` զոհերի թվում է նաև Սանայի քաղաքապետ Աբդուլ-Քադիր Հիլալը: