Հութիները հերքել են իրենց մասնակցությունը ԱՄՆ ականակրի հրթիռակոծմանը
International newsՍանան վերահսկող հութիները («Անսար Ալլահ» շիայական շարժման կողմնակիցներ) հերքել են իրենց մասնակցությունը Եմենի ափերի մոտ ամերիկյան ականակիր նավի հրթիռակոծմանը։ Այս մասին Reuters գործակալությանը, անանուն մնալու պայմանով, հայտնել է ապստամբների ներկայացուցիչներից մեկը։
«Հութիների շարժումը մերժում է հարձակումը որևէ նավի վրա Եմենի ջրային տարածքից դուրս»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, ռազմածովային ուժերի կապիտան Ջեֆ Դևիսը հայտնել էր, որ ամերիկյան USS Mason ականակիրը ենթարկվել է հրթիռային հարձակման Եմենի ափերի մոտ՝ միջազգային ջրերում։
Դևիսը հստակեցրել էր, որ ականակիրը վնասվածքներ չի ստացել, անձնակազմի շարքում վիրավորներ չկան։ Զինվորականների կարծիքով՝ հրթիռներն արձակվել էին հութիների կողմից վերահսկվող տարածքից։