Մերկելը շնորհակալություն է հայտնել սիրիացուն ենթադրյալ ահաբեկչի ձերբակալության հարցում օգնելու համար
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր երախտագիտությունն է հայտնել սիրիացուն, որը վճռական դեր է խաղացել ահաբեկչության համար կասկածվող Ջաբեր ալ-Բաքրի ձերբակալության գործում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կանցլերը չափազանց պատասխանատու աշխատանքի համար երախտագիտություն է հայտնել հատուկ ծառայություններին… Մեր երախտագիտությունը նաև սիրիացուն, որը հայտնել է ոստիկանությանը կասկածյալի գտնվելու վայրի մասին և դրանով վճռական դեր խաղացել նրա ձերբակալության գործում»,- ասել է Դեմերը:
22-ամյա ալ-Բաքրը շաբաթ օրը կարողացել էր փախուստի դիմել Քեմնից քաղաքից, որտեղ բնակարան էր վարձում: Նա կարողացել էր հասնել Լայպցիգ, որտեղ էլ կենտրոնական կայարանում դիմել է Սիրիայից երկու մարդու՝ խնդրելով թույլ տալ իրեն գիշերել նրանց տանը: Տանը վերջիններս պարզել են, որ հյուրընկալել են ոստիկանության կողմից հետախուզվող անձի: Նրանք կապել են ալ-Բաքրին և ոստիկանություն կանչել: