Էրդողանը բողոքարկել է գերմանացի երգիծաբանի գործով դատարանի որոշումը
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը Մայնցի դատախազությունում բողոքարկել է գերմանացի երգիծաբան Յան Բյոհերմանի դատական գործը կասեցնելու մասին դատարանի որոշումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Փաստաբանը հոկտեմբերի 9-ին բողոքարկումը ներկայացրել է դատախազություն:
Գերմանացի դատախազները որոշում են կայացրել այն մասին, որ երգիծաբան Յան Բյոհերմանի՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղած սատիրական բանաստեղծությունը քրեորեն հետապնդելի արարք չէ: Մայնց քաղաքի դատախազները հայտնել են, որ հանում են բոլոր մեղադրանքները Բյոհերմանից:
Հեռուստահաղորդավար և երգիծաբան Յան Բյոհերմանը գերմանական հեռուստաալիքի երգիծական հաղորդման ժամանակ թուրքական դրոշի և Էրդողանի դիմանկարի առաջ նստած բանաստեղծություն էր ընթերցել, որում ասում էր, թե նախագահը սեռական հարաբերություններ ունի այծերի և ոչխարների հետ, իսկ «մանկական պոռնոգրաֆիա դիտելու ժամանակ սիրում է ճնշել փոքրամասնություններին, ծեծել քրդերին և քրիստոնյաներին»: Ավելի վաղ գերմանացի կոմիկն Էրդողանին ծաղրի էր ենթարկել չափից ավելի մեծ ծախսեր կատարելու և քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, ինչից հետո թուրքական կողմը բողոքի նոտա էր հանձնել Թուրքիայում Գերմանիայի դեսպանին: