Բարաք Օբաման հանրապետականներին կոչ է արել հրաժարվել Դոնալդ Թրամփին սատարելուց
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփին Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամներին կոչ անելով պաշտոնապես հրաժարվել նախագահական ընտրություններում նրան սատարելուց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիլարիկ Քլինթոնի նախընտրական հանրահավաքի ժամանակ Օբաման նշել է, որ անհնար է Թրամփին քննադատել կանանց մասին 11-ամյա վաղեմության հայտարարությունների համար եւ միաժամանակ նրան սատարել որպես աշխարհում ամենակարեւոր պաշտոնի թեկնածու:
Ըստ նրա՝ հանրապետական թեկնածուն հարմար չէ միջազգային թատերաբեմում ԱՄՆ-ն ներկայացնելու համար: «Ո՛չ խառնվածքով, ո՛չ պատրաստվածության եւ գիտելիքների մակարդակով, ո՛չ այդ գիտելիքները ստանալու ցանկությամբ, ո՛չ ազնվությամբ նա պիտանի չէ նախագահ դառնալուն»,- Հյուսիսային Քարոլինայում կայացած հավաքի ընթացքում ասել է Օբաման:
Հավելենք, որ մի շարք բարձրաստիճան հանրապետականներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, հեռացան Դոնալդ Թրամփից, երբ լրագրողները հայտնաբերեցին եւ հրապարակեցին Թրամփի՝ կանանց մասին գռեհիկ արտահայտություններով տեսագրությունը: